«Զանգա» ապրանքային նշանի գրանցումը չեղյալ ճանաչվեց չօգտագործման հիմքով
Մեր վստահորդը նպատակ ուներ իր բիզնես գործունեության մեջ օգտագործել «Զանգա» ապրանքային նշանը, սակայն պարզել էր, որ «Զանգա» ապրանքային նշանն արդեն իսկ գրանցված է և պատկանում է այլ անձի:
Վստահորդի կողմից խնդիրը ներկայացնելուց հետո ձեռնամուխ եղանք խնդրի հնարավոր իրավական լուծման տարբերակների բացահայտմանը՝ մտավոր սեփականության ոլորտում գործող կարգավորումների շրջանակում: Մեր գրասենյակի փաստաբան Նահապետ Սուքիասյանի կատարած ուսումնասիրության և իրավական վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ «Զանգա» ապրանքային նշանը 5 տարի է, ինչ գրանցված է այլ անձի անունով, սակայն վերջին 3 տարիների ընթացքում չի օգտագործվել:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Մտավոր սեփականության գրասենյակ ներկայացվեց համապատասխան հայտ՝ «Զանգա» ապրանքային նշանը մեր վստահորդի անվամբ գրանցելու պահանջով, ապա հայցադիմում ներկայացվեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ «Զանգա» ապրանքային նշանի՝ այլ անձի անունով կատարված գրանցումը չեղյալ ճանաչելու պահանջով:
Գործի քննության ընթացքում մեր կողմից ներկայացվեց և հիմնավորվեց մեր վստահորդի իրավական շահագրգռվածությունը «Զանգա» ապրանքային նշանի գրանցման չեղյալ ճանաչման հարցում, ինչպես նաև նշանի չօգտագործման փաստը՝ համապատասխան ապացույցներով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ2/12486/02/25 (տես` https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=49258120924439453) քաղաքացիական գործով 2026թ. հունիսի 4-ի վճռով բավարարեց մեր հայցը ամբողջությամբ և վճռեց չեղյալ հայտարարել թիվ 30263 գրանցման հերթական համար ունեցող «ԶԱՆԳԱ ЗАНГА ZANGA» ապրանքային նշանների՝ Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանությունը բոլոր այն ապրանքների նկատմամբ, որոնց համար դրանք իրավական պահպանություն են ստացել:
Կայացված դատական ակտը կարևոր նշանակություն ունի մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության, ապրանքային նշանների չօգտագործման հիմքով պաշտպանության պրակտիկայի զարգացման և իրավական հստակության ապահովման տեսանկյունից:
Շնորհակալ ենք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Աշոտ Հովհաննիսյանին՝ պատճառաբանված և արդարացի դատական ակտի կայացման համար։
