03.04.2024Թ. ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով մեր վստահորդ` անհատ ձեռնարկատեր Գ.Գ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում էր հարուցվել ավելի քան 556.000.000 ՀՀ դրամի չափով հարկ վճարելուց խուսափելու մեղադրանքով: Նշված քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանությունը ստանձնել էր «LSA» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Գուրգեն Ներսիսյանը:
Նախաքննության ընթացքում պաշտպանի կողմից ներկայացվել էին բազմաթիվ միջնորդություններ, բողոքներ, վարչական դատարանում վիճարկվել էին համալիր հարկային ստուգման արդյունքները, դատահաշվապահական փորձաքննության եզրակացությամբ հաջողվել էր հիմնավորել համալիր հարկային ստուգման ընթացքում կիրառված մեթոդների ու հարկի հաշվարկման եղանակի ոչ իրավաչափ լինելը:
Պաշտպանի ձեռնարկած դատավարական պաշտպանության միջոցների ու դրանց արդյունքների հիման վրա 2026թ. հունվարի 8-ին հսկող դատախազի կողմից որոշում էր կայացվել մեղադրյալի նկատմամբ իրականացվող հանրային քրեական հետապնդումը արդարացման հիմքով դադարեցնելու մասին: Նշված որոշմամբ վերացվել էին նաև մեր վստահորդի նկատմամբ կիրառված դատավարական հարկադրանքի միջոցները:
Թեև քրեական վարույթը երկար էր տևել և բավականին երկար ժամանակ մեր վստահորդի նկատմամբ կիրառվել էին ամենատարբեր հարկադրանքի միջոցներ /խափանման միջոց բացակայելու արգելք, գույքի և հաշիվների արգելադրում/, այդուհանդերձ բարձր ենք գնահատում և շնորհակալ ենք նախաքննական մարմնի ու դատախազության կողմից վերջնական որոշմամաբ ցուցաբերած օրինականության, օբյեկտիվության ու արդարության համար, որն արտահայտվեց քրեական հետապնդման դադարեցմամբ:




