Ընտանեկան բռնությունը այսօր լայնորեն տարածված լրջագույն սոցիալական խնդիր է, որը խաթարում է ոչ միայն անհատի, այլև ընտանիքի, հետևաբար նաև պետության ներքին կյանքի բարեկեցությունն ու առողջությունը։ Այն չի ճանաչում սեռ, տարիք կամ սոցիալական կարգավիճակ՝ վտանգի ենթարկելով ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց, երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց։
Ընտանեկան բռնությունը կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական և սեռական բռնության տեսքով, և յուրաքանչյուր դրսևորում ունի երկարաժամկետ բացասական հետևանքներ։
Բռնության հետևանքով տուժած անձինք կարող են հանդիպել լուրջ առողջական խնդիրների, ունենալ մշտական վախի և անհանգստության զգացում, դեպրեսիա, ցածր ինքնագնահատական, ինչպես նաև ֆիզիկական վնասվածքներ։
Բացի այդ, երեխաները, ովքեր մեծանում են բռնության միջավայրում, հակված են ավելի մեծ ռիսկերի ենթարկվելու հետագայում՝ դառնալով կամ բռնության զոհ, կամ բռնարար։
Այս տեղեկատվությունը կարևոր է ընտանեկան բռնության բնույթն ու տեսակները, դրա կանխարգելման ուղիները պատկերացնելու, ինչպես նաև բռնության դեպքերին արձագանքելու հնարավոր եղանակների մասին իրազեկ լինելու համար:
Ի՞նչ է ընտանեկան բռնությունը.
Ընտանեկան բռնությունը ցանկացած գործողություն է, որը կատարվում է ընտանիքի անդամի կամ մտերիմ անձի նկատմամբ՝ ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական վնաս հասցնելու նպատակով։ Այն կարող է դրսևորվել տարբեր ձևերով՝
ա) Ֆիզիկական բռնություն – հարվածներ, ծեծ, մարմնական վնասվածքներ, ծեծի սպառնալիք.
բ) հոգեբանական բռնություն – նվաստացում, վիրավորանքներ, խտրական վերաբերմունք, վախ ներշնչելու փորձեր.
գ) սեռական բռնություն – հարկադիր կամ բռնի սեռական հարաբերություններ, սեռական ոտնձգություններ.
դ) տնտեսական բռնություն – ֆինանսական կախվածության մեջ պահում, գույքի կամ եկամտի օգտագործման սահմանափակում.
Ընտանեկան բռնությունը կարող է դրսևորվել ամուսինների, ծնողների և երեխաների, զուգընկերների կամ նույնիսկ այլ մտերիմ անձանց նկատմամբ:
Ինչպե՞ս կանխարգելել ընտանեկան բռնությունը.
ա) տեղեկացվածություն և կրթություն` անհրաժեշտ է տեղեկացված լինել ընտանեկան բռնության դրսևորումների մասին, հասկանալ դրա վտանգները և հետևանքները.
բ) բավարար հաղորդակցություն ընտանիքում` բաց, հարգալից և առողջ հաղորդակցությունը կարող է կանխել կոնֆլիկտների սրումը.
գ) հոգեբանական աջակցություն` եթե ընտանիքում կան լարված հարաբերություններ, կարելի է դիմել հոգեբանի կամ ընտանեկան խորհրդատուի.
դ) տուժածների պաշտպանություն` եթե դուք կամ ձեր ծանոթներից մեկը դարձել է բռնության զոհ, կարևոր է չլռել և օգնություն փնտրել.
ե) իրավական գիտելիքների բարձրացում` ընտանիքի անդամները պետք է տեղյակ լինեն իրենց իրավունքներից և պաշտպանական մեխանիզմներից։
Ի՞նչ անել, եթե դուք դարձել եք ընտանեկան բռնության զոհ.
Եթե դուք դարձել եք ընտանեկան բռնության զոհ, ապա անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել հետևյալ միջոցները.
ա) անմիջական պաշտպանություն` եթե բռնությունը վտանգում է ձեր կյանքը, անհապաղ զանգահարեք 1-02 (ոստիկանություն) կամ 911 (շտապ օգնություն).
բ) փորձեք լքել վտանգավոր միջավայրը և ապահով վայր տեղափոխվել: Եթե հնարավոր չէ անմիջապես հեռանալ, փորձեք կապ հաստատել վստահելի հարազատների կամ ընկերների հետ.
գ) ապացույցների հավաքագրում` փորձեք հավաքել ապացույցներ՝ լուսանկարներ, ձայնագրություններ, բժշկական փաստաթղթեր, հաղորդագրություններ: Եթե ֆիզիկական վնասվածքներ եք ստացել, դիմեք բժշկի և խնդրեք գրել համապատասխան եզրակացություն։
դ) Դիմեք իրավապահ մարմիններին. դեպքի մասին բանավոր կամ գրավոր հաղորդեք ոստիկանությանը: Եթե անմիջական վտանգ կա, դատարանը կարող է կիրառել պաշտպանության միջոց և արգելել բռնարարին` մոտենալ ձեզ։
ե) Դիմեք հոգեբանական աջակցություն տրամադրող կազմակերպություններին:
Ընտանեկան բռնության դեպքերից պաշտվպանվելու իրավական հիմքերը Հայաստանի Հանրապետությունում:
Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարը կարգավորվում է մի շարք օրենքներով, մասնավորապես «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքով և ՀՀ Քրեական օրենսգրքով:
Հայաստանի կառավարությունը համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ, որոնք աջակցում են բռնության զոհերին։
Ընտանեկան բռնությունը լուրջ խնդիր է, որը պահանջում է անհապաղ լուծում։ Կարևոր է ոչ միայն բռնության դեմ պայքարելը, այլև դրա կանխարգելմանն ուղղված քայլեր ձեռնարկելը։ Եթե դուք կամ ձեր հարազատը դարձել եք բռնության զոհ, մի լռեք։ Հնարավորինս շուտ դիմեք ոստիկանությանը, իրավաբանի, հոգեբանի կամ աջակցող կենտրոններ։ Ձեր անվտանգությունն ու իրավունքները առաջնահերթ են, դուք արժանի եք` լինել պաշտպանված, անվտանգ, իսկ Ձեր իրավունքները` պետության հոգածության ներքո: