Ինչպես արդեն հայտնել էինք, 2025 թվականի դեկտեմբեր ամսին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը մերժել էր ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված առանձնապես ծանր հանցագործության (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում) մեջ հանիրավի մեղադրվող, մեր գրասենյակի փաստաբան Անդրանիկ Մնացականյանի վստահորդ Ր.Ն.-ի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել վարչական հսկողությունը, ինչի արդյունքում մեր վստահորդն ազատվել էր տևական արգելանքից (տե՛ս https://www.lsa.am/hy/criminal-case/our-client-unjustly-accused-of-a-particularly-serious-crime-has-been-released-from-prolonged-detention/ ):
Հատկանշական է, որ 2025 թվականի հուլիսի ամսին Ր.Ն.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվելուց ի վեր՝ ավելի քան 7 ամիս տևած նախաքննության ընթացքում, քրեական հետապնդման մարմիններն այդպես էլ չեն կարողացել նույնիսկ ընդհանրական ձևով նկարագրել և որևէ փաստական տվյալ ներկայացնել, թե ինչում է դրսևորվել այն գույքի հանցավոր ծագումը, որն իբրև թե «լվացվել էր» Ր.Ն.-ի կողմից:
Վերը նշվածի հաշվառմամբ Ր.Ն.-ի պաշտպան Անդրանիկ Մնացականյանի կողմից հատուկ վերանայման բողոք էր ներկայացվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, որտեղ բանավոր ընթացակարգով կատարված բովանդակային քննության արդյունքում 2026 թվականի մարտ ամսին որոշում է կայացվել պաշտպանի կողմից ներկայացված հատուկ վերանայման բողոքն ամբողջությամբ բավարարելու մասին՝ արձանագրելով Ր.Ն.-ի արարքում փողերի լվացման ենթադրյալ հանցագործության կատարման հիմնավոր կասկածի բացակայությունը:
Շնորհակալ ենք ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարեն Ամիրյանին՝ օրինակելի դատավարություն իրականացնելու և արդարացի դատական ակտ կայացնելու համար:




