Շինարարությունը այնպիսի գործընթաց է, որի թե փաստաթղթավորման, թե բուն իրականացման ընթացքում կարող են ծագել բազմապիսի հարցեր ու խնդիրներ: Այն առաջին իսկ պահից անցնում է զանազան փուլերով, որոնց առաջնային նպատակներից է շինարարության ընթացքում և այն ավարտելուց հետո ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությունը և հնարավոր խախտումներից զերծ պահելը: ՀՀ օրենսդրությունը պարունակում է այդպիսի վտանգ պարունակող շինարարական օբյեկտներից ֆիզիկական ու իրավաբանական անձանց դատական պաշտպանության հնարավորություն, ինչպիսին է նաև դատական վիճարկման փուլում շինարարության թույլտվության կասեցումը:
Անքննարկելի է, որ շինարարության թույլտվության կասեցումը շինարարի համար պարունակում է վնասներ կրելու պոտենցիալ ու իրական վտանգ: Մինչդեռ շինարարական գործընթացի հետ կապված վեճերի դեպքում որպես կանոն դատարան ներկայացվող հայցադիմումի հետ միասին ներկայացվում է նաև շինարարության թույլտվությունը կասեցնելու մասին միջնորդություն` իր բոլոր հետևանքներով:
Հերթական վեճի շրջանակում ՀՀ վարչական դատարանը բավարարել էր Հայցվորի միջնորդությունը և կասեցրել էր շինարարության թույլտվությունը: Վարչական դատարանի նշված որոշման դեմ փաստաբան Գուրգեն Ներսիսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքը բավարարվել է և Վարչական դատարանի բողոքարկված որոշումը` վերացվել: Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Ա.Հարությունյանը բավականին կարևոր արձանագրումներ է կատարել հիշյալ որոշմամբ, որոնք կօգտագործվեն նույնատիպ մեկ այլ գործով վերաքննիչ բողոքը մերժելու մասին Վերաքննիչ վարչական դատարանի դատական ակտը վճռաբեկության կարգով բողոքարկելիս:
Հուսով ենք վճռաբեկ դատարանի ակնկալվող ակտը և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի մեկնաբանությունը կվերացնի պրակտիկայում ձևավորված իրարամերժ մոտեցումները:




