Արտահանձնման ինստիտուտը միշտ գտնվում է պետության միջազգային պարտավորությունների և մարդու հիմնարար իրավունքների խաչմերուկում։ Հայաստանը բացառություն չէ։ Ավելին՝ հենց արտահանձնման վարույթներում առավել տեսանելի է դառնում հայկական քրեական գործընթացի համակարգային խնդիրը՝ ազատությունից զրկման ավտոմատ կիրառումը՝ իրական այլընտրանքների բացակայության պայմաններում։
Կալանք՝ առանց մեղադրանքի
Արտահանձնման ենթակա անձը չի մեղադրվում և չի դատապարտվում Հայաստանի Հանրապետությունում։ Այնուամենայնիվ, նրա նկատմամբ կիրառվում է մարդու իրավունքների ամենախիստ սահմանափակումներից մեկը՝ ազատությունից զրկումը։
Պաշտոնապես դա հիմնավորվում է արտահանձնման միջազգային պարտավորությունը ապահովելու անհրաժեշտությամբ։ Իրականում արտահանձնման նպատակով կալանքը Հայաստանում հաճախ վերածվում է գրեթե անխուսափելի և ավտոմատ միջոցի, անկախ տվյալ անձի անհատական հանգամանքներից։
Քրեական վարույթով իրավական օգնության մասին ՀՀ օրենքի խնդիրը
Խնդրի արմատը գործող Քրեական վարույթով իրավական օգնության մասին ՀՀ օրենքի կարգավորումներն են/տես նշված օրենքի 35-րդ, 40-րդ, 43-46-րդ հոդվածները, որը ի տարբերություն Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների․
- արտահանձնման վարույթների համար պահպանում է միջոցների սահմանափակ, փակ ցանկ,
- չի նախատեսում տնային կալանք և այլ ժամանակակից այլընտրանքային միջոցներ,
- փաստացի զրկում է դատարաններին ճկուն մոտեցում ցուցաբերելու հնարավորությունից։
Արդյունքում դատարանները, նույնիսկ փախուստի իրական ռիսկի բացակայության դեպքում, սահմանափակվում են մեկ ձևակերպմամբ․
«օրենքը այլ միջոց չի նախատեսում»։
Ձևական օրինականությունը ընդդեմ սահմանադրական սկզբունքների
ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է անձնական ազատության իրավունքը և պահանջում է, որ այդ իրավունքի ցանկացած սահմանափակում լինի անհրաժեշտ, համաչափ և անհատականացված։
Գործող արտահանձնման կալանքը հաճախ չի համապատասխանում այդ չափանիշներին․ դատարանը չի գնահատում, կարելի՞ է արդյոք արտահանձնման նպատակը ապահովել ավելի մեղմ միջոցներով։ Ազատությունից զրկումը դառնում է կանոն, ոչ թե բացառություն։
Եվրոպական չափանիշները
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ դիրքորոշում ունի․ նույնիսկ ԵԿԽ 5-րդ հոդվածի 1-ին մասի «f» կետի շրջանակում արտահանձնման կալանքը չի կարող լինել ավտոմատ։
Պետությունները պարտավոր են․
- գնահատել արտահանձնման իրական հնարավորությունը,
- հիմնավորել ազատությունից զրկման անհրաժեշտությունը,
- դիտարկել այլընտրանքային միջոցները։
Օրենսդրության բացերը պետությանը չեն ազատում պատասխանատվությունից։
Համակարգային խնդիր
Խոսքը առանձին դատական սխալների մասին չէ։ Սա կառուցվածքային խնդիր է, երբ օրենքը կանխորոշում է ազատությունից զրկումը և դատական վերահսկողությունը դարձնում ձևական։
Արտահանձնումը միջազգային համագործակցության գործիք է, ոչ թե մարդու իրավունքների նվազագույն ստանդարտներից հրաժարվելու պատճառ։
Հայաստանի արտահանձնման պրակտիկան այսօր կարիք ունի սահմանադրական, իրավաչափ և մարդակենտրոն վերանայման։




