Home / Blog / Գործ / Իրավաբանական անձի բանկային հաշվի միջոցների արգելադրումը…

Իրավաբանական անձի բանկային հաշվի միջոցների արգելադրումը որպես բանկային հաշվի «սառեցում» կամ «արգելափակում» դիտարկելն անօրինական է. դատախազությունը բավարարել է պաշտպանի բողոքը


A
Author
25 Հունիսի, 2026 1 min read
Share in f @

Քննչական պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ քրեական վարույթի շրջանակում որոշում է կայացվում իրավաբանական անձի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների արգելադրման մասին, որից հետո դատարան է ներկայացվում այդ որոշման իրավաչափությունը հաստատելու վերաբերյալ միջնորդություն։ Դատարանները, որպես կանոն, քննում են միայն արդեն արգելադրված դրամական միջոցների մասով ներկայացված միջնորդությունը և կայացնում համապատասխան դատական ակտ։

Սակայն գործնականում հաճախ առաջանում է խնդիր, երբ իրավաբանական անձի բանկային հաշիվը փաստացի դիտարկվում է որպես «սառեցված» կամ «արգելափակված»։ Արդյունքում տնտեսվարող սուբյեկտը զրկվում է հետագայում նույն հաշվին մուտքագրված, իր օրինական գործունեության արդյունքում գոյացած դրամական միջոցները տնօրինելու հնարավորությունից։ Այս իրավիճակում փաստացի սահմանափակվում է նաև այն միջոցների տնօրինումը, որոնց նկատմամբ արգելադրում չի կիրառվել և որոնց արգելադրման իրավաչափությունը երբևէ չի ենթարկվել դատական վերահսկողության։

Նմանատիպ քրեական գործով նախաքննական մարմինը որոշում էր կայացրել իրավաբանական անձի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները արգելադրելու մասին։ Այնուհետև տնտեսվարող սուբյեկտը շարունակել էր իր ձեռնարկատիրական գործունեությունը, իսկ ստացված եկամուտները մուտքագրվել էին նույն բանկային հաշվին։ Սակայն ընկերությունը զրկվել էր այդ միջոցները տնօրինելու հնարավորությունից՝ բանկային հաշվի արգելադրման մասին սխալ մեկնաբանության պատճառով։

LSA փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը հսկող դատախազին ներկայացրել է քննիչի որոշման դեմ բողոք։ Բողոքի քննության արդյունքում դատախազությունը բավարարել է պաշտպանի բողոքը և հանձնարարել վերացնել իրավաբանական անձի բանկային հաշիվների նկատմամբ կիրառված անօրինական սահմանափակումները։

Այս գործով ձևավորված մոտեցման համաձայն՝

ա/ ՀՀ քրեական դատավարության օրենսդրությունը չի նախատեսում բանկային հաշվի արգելադրման կամ «սառեցման» ինստիտուտ։ Օրենսդիրը նախատեսել է բացառապես բանկային հաշվում առկա կոնկրետ դրամական միջոցների արգելադրման հնարավորություն։

բ/ Դրամական միջոցների արգելադրումից և դրա իրավաչափության դատական հաստատումից հետո բանկային հաշվին հետագայում մուտքագրված միջոցները չեն կարող ինքնաբերաբար համարվել արգելադրված։

գ/ Բանկային հաշվի միջոցների արգելադրումը չի կարող մեկնաբանվել որպես ամբողջ բանկային հաշվի արգելափակում և չի կարող խոչընդոտել այն դրամական միջոցների ազատ տնօրինմանը, որոնք դուրս են դատական ստուգման առարկայից։

Դատախազության ընդունած որոշումը կարևոր նշանակություն ունի մեր վստահորդի խախտված իրավունքների վերականգնման, գույքի արգելադրման վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայի զարգացման և բանկային հաշիվների արգելադրման հետ կապված իրավական անորոշությունների հաղթահարման տեսանկյունից։

Գ
Teammate

Գուրգեն Ներսիսյան

Գործընկեր, Փաստաբան

Գուրգեն Ներսիսյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Նա մասնագիտացված է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Փաստաբանի ճանապարհը «Էլ Էս Էյ» իրավաբանական…

Contact us

Cart

No products in the cart.