Շինարարության ժամկետների խախտումը չի կարող մնալ անհետևանք։
ՀԲՄ ֆինանսական արբիտրաժային դատարանի 04.11.2026թ. վճռով ամբողջությամբ բավարարվել է LSA փաստաբանական գրասենյակի փաստաբան Տաթևիկ Մալխասյանի կողմից ներկայացված հայցը` ընդդեմ «ԴԵՖԱՆՍ ՀԱՈՒԶԻՆԳ ԻՆՎԵՍՏ» ՓԲԸ-ի։ Արբիտրաժային դատարանի վճռով կառուցապատողից հօգուտ գնորդների որոշվել է բռնագանձել ավելի քան 4,1 միլիոն ՀՀ դրամ տույժ, ինչպես նաև 36.556,55 ՀՀ դրամ՝ կետանցի յուրաքանչյուր օրվա համար, մինչև պարտավորության փաստացի կատարումը՝ օրենքով սահմանված սահմանափակումների պահպանմամբ։ Հատկանշական է, որ արբիտրաժային վարույթը տևել է ընդամենը 2 շաբաթ։
Այս գործը ցույց է տալիս արբիտրաժի կարևոր առավելություններից մեկը՝ վեճերի արագ և արդյունավետ լուծման հնարավորությունը։ Համեմատության համար՝ ՀՀ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում քաղաքացիական գործերի քննության համար օրենսդրությամբ, որպես ընդհանուր կանոն, նախատեսված է մինչև 6 ամիս ժամկետ, որը որոշակի պայմաններում կարող է երկարաձգվել ևս երկու անգամ՝ յուրաքանչյուր դեպքում մինչև 3 ամսով։ Մինչդեռ տվյալ գործով գնորդների խախտված իրավունքների պաշտպանության վերաբերյալ վճիռ է կայացվել ընդամենը 21 օրվա ընթացքում։ Արբիտրաժային վարույթը կարող է նաև ապահովել ընթացակարգային ճկունություն, գործի քննության ավելի կանխատեսելի կազմակերպում և որոշ դեպքերում՝ վեճի լուծման ընդհանուր ծախսերի կրճատում։
ՄԵՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂՆԵՐԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԳՆՈՂՆԵՐԻՆ
Կառուցապատողի հետ բնակարանի ձեռքբերման պայմանագիր կնքելիս խորհուրդ ենք տալիս քննարկել պայմանագրում արբիտրաժային համաձայնություն (արբիտրաժային վերապահում) ներառելու հնարավորությունը։ Այդպիսի համաձայնությամբ կողմերը կարող են նախատեսել, որ պայմանագրային պարտավորությունների խախտման, այդ թվում՝ բնակարանի հանձնման ժամկետների ուշացման, տույժերի բռնագանձման և այլ գույքային պահանջների վերաբերյալ վեճերը լուծվեն արբիտրաժային կարգով՝ օրենքով թույլատրելի սահմաններում։ Սա կարող է հնարավորություն տալ խուսափելու երկարատև դատավարություններից և ավելի սեղմ ժամկետներում ստանալու իրավական պաշտպանության արդյունք։ LSA փաստաբանական գրասենյակը շարունակում է պաշտպանել կառուցապատողների կողմից իրենց պարտավորությունների խախտման հետևանքով տուժած գնորդների իրավունքները։
Ձեր խախտված իրավունքները ենթակա են պաշտպանության: