Home / Blog / Վարչական գործ / LSA Law Firm-ի հերթական հաղթանակը․ դատարանը…

LSA Law Firm-ի հերթական հաղթանակը․ դատարանը պարտավորեցրել է Աբովյան համայնքի ղեկավարին կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր


P
postAdmin
21 Հոկտեմբերի, 2026 1 min read
Share in f @ ⌘
lsa profile cropped

2026 թվականի հոկտեմբերի 14-ին ՀՀ վարչական դատարանը բավարարել է LSA Law Firm-ի վստահորդի հայցն ընդդեմ Աբովյան համայնքի ղեկավարի՝ պարտավորեցնելով վերջինիս կնքել 4,910 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ գործող կադաստրային արժեքով։

Վարչական գործ՝ № ՎԴ/14651/05/25։

Գործի հանգամանքները

2006 թվականին LSA Law Firm-ի վստահորդ Ն. Կ.-ն պետական գույքի մասնավորեցման աճուրդի արդյունքում ձեռք էր բերել Աբովյան քաղաքում գտնվող ավտոլիցքավորման կայան և յուղման կետ։

2008 թվականի հունիսի 9-ին Աբովյանի քաղաքապետի թիվ 102 որոշմամբ նախատեսվել էր նշված անշարժ գույքի շահագործման համար անհրաժեշտ 5,000 քմ մակերեսով հողամասը վստահորդին օտարել ուղղակի վաճառքի եղանակով։ Սակայն, չնայած ընդունված որոշմանը, համայնքի և վստահորդի միջև հողամասի առուվաճառքի պայմանագիր չէր կնքվել։ 2025 թվականին վստահորդը կրկին դիմել էր համայնքապետարան՝ պահանջելով կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ հողամասի ճշտված 4,910 քմ մակերեսով։ Համայնքապետարանը, սակայն, փաստացի հրաժարվել էր պայմանագրի կնքումից։ Համայնքի ղեկավարը պնդում էր, որ 2008 թվականի որոշումն առ ոչինչ է, քանի որ այն ընդունվել է ոչ իրավասու վարչական մարմնի կողմից՝ առանց համայնքի ավագանու համապատասխան որոշման։

LSA Law Firm-ի իրավական դիրքորոշումը

Վստահորդի շահերը ներկայացնող LSA Law Firm-ի փաստաբան Էդգար Այվազյանը հիմնավորել է, որ 2008 թվականի որոշման ընդունման պահին գործող օրենսդրությամբ համայնքի ղեկավարն օժտված էր հողամասերի օտարման վերաբերյալ որոշումներ ընդունելու իրավասությամբ։ Միաժամանակ հիմնավորվել է, որ վարչական ակտի հնարավոր ոչ իրավաչափությունը դեռևս չի նշանակում դրա առոչնչություն։ Վարչական ակտն առ ոչինչ կարող է համարվել միայն օրենքով նախատեսված ակնառու կոպիտ սխալների առկայության դեպքում։Քանի որ 2008 թվականի որոշումը չէր ճանաչվել անվավեր և առ ոչինչ չէր, համայնքի ղեկավարը պարտավոր էր ապահովել դրա կատարումը։

Դատարանի որոշումը

ՀՀ վարչական դատարանը, նախագահությամբ դատավոր Անի Հարությունյանի, համաձայնել է հայցվորի իրավական դիրքորոշման հետ։Դատարանը հաստատել է, որ Աբովյանի քաղաքապետի 2008 թվականի թիվ 102 որոշումը չի հանդիսանում առ ոչինչ վարչական ակտ, իսկ դրա իրավաչափությունը ենթակա է կանխավարկածի, քանի դեռ այն օրենքով սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել։ Դատարանը նաև արձանագրել է, որ համայնքի ղեկավարը պարտավոր է կատարել չվիճարկված վարչական ակտից բխող իր պարտականությունները։ Արդյունքում դատարանը ամբողջությամբ բավարարել է հայցը՝ պարտավորեցնելով Աբովյան համայնքի ղեկավարին վստահորդ Ն. Կ.-ի հետ կնքել 4,910 քմ մակերեսով հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ հողամասի ներկայիս գործող կադաստրային արժեքով։ Դատարանը նաև վճռել է համայնքից հօգուտ վստահորդի բռնագանձել նախապես վճարված պետական տուրքը։

Վճիռը կայացվել է 2026 թվականի հոկտեմբերի 14-ին և ենթակա է բողոքարկման օրենքով սահմանված մեկամսյա ժամկետում։

Է
Teammate

Էդգար Այվազյան

Գործընկեր, Փաստաբան

Էդգար Այվազյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Մասնագիտացած է նաև միգրացիոն իրավունքի ոլորտում` մասնավորապես…

Contact us

Cart

No products in the cart.