Այսպես, Արարատի մարզի դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ԷԼ ԷՍ ԷՅ իրավաբանական ընկերության վստահորդ Է.Տ.-ի կողմից աճուրդով ձեռքբերված հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։
Է.Տ.-ի շահերը դատարանում ներկայացնելիս LSA իրավաբանական ընկերության փաստաբան Էդգար Այվազյանը համապատասխան իրավական փաստարկներով և ապացույցներով հիմնավորել է, որ դատախազությունը բաց է թողել ինչպես վիճարկման, այնպես էլ ճանաչման հայց ներկայացնելու օրենքով սահմանված ժամկետները։
Հատկանշական է, որ հայցադիմումը վարույթ ընդունելու փուլում դատարանը հարգելի էր համարել ժամկետի բացթողման պատճառները։ Սակայն հետագայում ներկայացված նոր ապացույցների և փաստարկների հիման վրա ՀՀ վարչական դատարանը 2026 թվականի հունիսի 18-ին կայացրած որոշմամբ համաձայնել է մեր կողմից ներկայացված հիմնավորումներին և կարճել վարչական գործի վարույթը /վարչական գործ թիվ ՎԴ/14392/05/25/։
Այսպիսով, դատարանը կիրառել է հայցային վաղեմության ժամկետը, ինչի արդյունքում դադարեցվել է ՀՀ դատախազության կողմից ներկայացված պահանջի հետագա քննությունը, իսկ մեր վստահորդի սեփականության իրավունքի պաշտպանությունն ապահովվել է։
Շնորհակալ ենք ՀՀ վարչական դատարանի դատավոր Արմեն Ներսիսյանին՝ օբյեկտիվ, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ կայացնելու համար։
