Արտահանձնման կալանքը Հայաստանում․ երբ ձևական օրինականությունը վերածվում է մարդու իրավունքների խախտման

  • Գլխավոր
  • Հոդվածներ
  • Արտահանձնման կալանքը Հայաստանում․ երբ ձևական օրինականությունը վերածվում է մարդու իրավունքների խախտման
Extradition Detention in Armenia

Արտահանձնման ինստիտուտը միշտ գտնվում է պետության միջազգային պարտավորությունների և մարդու հիմնարար իրավունքների խաչմերուկում։ Հայաստանը բացառություն չէ։ Ավելին՝ հենց արտահանձնման վարույթներում առավել տեսանելի է դառնում հայկական քրեական գործընթացի համակարգային խնդիրը՝ ազատությունից զրկման ավտոմատ կիրառումը՝ իրական այլընտրանքների բացակայության պայմաններում։

Կալանք՝ առանց մեղադրանքի

Արտահանձնման ենթակա անձը չի մեղադրվում և չի դատապարտվում Հայաստանի Հանրապետությունում։ Այնուամենայնիվ, նրա նկատմամբ կիրառվում է մարդու իրավունքների ամենախիստ սահմանափակումներից մեկը՝ ազատությունից զրկումը։

Պաշտոնապես դա հիմնավորվում է արտահանձնման միջազգային պարտավորությունը ապահովելու անհրաժեշտությամբ։ Իրականում արտահանձնման նպատակով կալանքը Հայաստանում հաճախ վերածվում է գրեթե անխուսափելի և ավտոմատ միջոցի, անկախ տվյալ անձի անհատական հանգամանքներից։

Քրեական վարույթով իրավական օգնության մասին ՀՀ օրենքի խնդիրը

Խնդրի արմատը գործող Քրեական վարույթով իրավական օգնության մասին ՀՀ օրենքի կարգավորումներն են/տես նշված օրենքի 35-րդ, 40-րդ, 43-46-րդ հոդվածները, որը ի տարբերություն Քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների․

  • արտահանձնման վարույթների համար պահպանում է միջոցների սահմանափակ, փակ ցանկ,
  • չի նախատեսում տնային կալանք և այլ ժամանակակից այլընտրանքային միջոցներ,
  • փաստացի զրկում է դատարաններին ճկուն մոտեցում ցուցաբերելու հնարավորությունից։

Արդյունքում դատարանները, նույնիսկ փախուստի իրական ռիսկի բացակայության դեպքում, սահմանափակվում են մեկ ձևակերպմամբ․
«օրենքը այլ միջոց չի նախատեսում»։

Ձևական օրինականությունը ընդդեմ սահմանադրական սկզբունքների

ՀՀ Սահմանադրությունը երաշխավորում է անձնական ազատության իրավունքը և պահանջում է, որ այդ իրավունքի ցանկացած սահմանափակում լինի անհրաժեշտ, համաչափ և անհատականացված։

Գործող արտահանձնման կալանքը հաճախ չի համապատասխանում այդ չափանիշներին․ դատարանը չի գնահատում, կարելի՞ է արդյոք արտահանձնման նպատակը ապահովել ավելի մեղմ միջոցներով։ Ազատությունից զրկումը դառնում է կանոն, ոչ թե բացառություն։

Եվրոպական չափանիշները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հստակ դիրքորոշում ունի․ նույնիսկ ԵԿԽ 5-րդ հոդվածի 1-ին մասի «f» կետի շրջանակում արտահանձնման կալանքը չի կարող լինել ավտոմատ։

Պետությունները պարտավոր են․

  1. գնահատել արտահանձնման իրական հնարավորությունը,
  2. հիմնավորել ազատությունից զրկման անհրաժեշտությունը,
  3. դիտարկել այլընտրանքային միջոցները։

Օրենսդրության բացերը պետությանը չեն ազատում պատասխանատվությունից։

Համակարգային խնդիր

Խոսքը առանձին դատական սխալների մասին չէ։ Սա կառուցվածքային խնդիր է, երբ օրենքը կանխորոշում է ազատությունից զրկումը և դատական վերահսկողությունը դարձնում ձևական։

Արտահանձնումը միջազգային համագործակցության գործիք է, ոչ թե մարդու իրավունքների նվազագույն ստանդարտներից հրաժարվելու պատճառ։
Հայաստանի արտահանձնման պրակտիկան այսօր կարիք ունի սահմանադրական, իրավաչափ և մարդակենտրոն վերանայման։