Սույն թվականի հուլիսի 11-ին մեր վստահորդ, ալկոհոլային խմիչքների արտադրությամբ զբաղվող խոշոր կազմակերպության տնօրեն Ե.Վ.-ն, ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել էր, նույն օրը նրան մեղադրանք էր առաջադրվել առանձնապես խոշոր չափով հարկ վճարելուց խուսափելու ենթադրյալ հանցավոր արարքի կատարման համար և դատարան էր ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն:
Միջնորդության քննարկման ընթացքում պաշտպանական թիմին հաջողվել է դատարանին ներկայացնել մեղադրանքի անհիմն լինելը, անձին կալանավորելու հիմքերի ու պայմանների բացակայությունը և կալանքը ու դրա սպառնալիքը նախաքննական մարմնի կողմից որպես մեղադրյալի նկատմամբ ճնշման միջոց գործադրելու անթույլատրելիությունը:
Քննելով ներկայացված միջնորդությունը, 12.07.2025թ. որոշմամբ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը /դատավոր Է.Մկրտչյան/ մերժել է Ե.Վ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը` կիրառելով այլընտրանքային խափանման միջոց:
Սույն գործով մեղադրյալի պաշտպաններ` «ԷԼ ԷՍ ԷՅ» փաստաբանական գրասենյակի փաստաբաններ Անդրանիկ Մնացականյանի, Գուրգեն Ներսիսյանի, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալբերտ Արզումանյանի փայլուն աշխատանքի շնորհիվ հաջողվեց ոչ միայն կանխել մեղադրյալի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցի կիրառությունը, այլև նախաքննության արդեն սկզբնական փուլում ի ցույց դրվեց մեղադրանքի չփաստարկված ու չհիմնավորված լինելը: Պաշտպանական թիմը հետևողական է լինելու, որպեսզի այդ գործով ապահովվի լրիվ ու օբյեկտիվ նախաքննություն: