Շինարարությունը այնպիսի գործընթաց է, որի թե փաստաթղթավորման, թե բուն իրականացման ընթացքում կարող են ծագել բազմապիսի հարցեր ու խնդիրներ: Այն առաջին իսկ պահից անցնում է զանազան փուլերով, որոնց առաջնային նպատակներից է շինարարության ընթացքում և այն ավարտելուց հետո ֆիզիկական ու իրավաբանական անձանց իրավունքների պաշտպանությունը և հնարավոր խախտումներից զերծ պահելը: ՀՀ օրենսդրությունը պարունակում է այդպիսի վտանգ պարունակող շինարարական օբյեկտներից ֆիզիկական ու իրավաբանական անձանց դատական պաշտպանության հնարավորություն, ինչպիսին է նաև դատական վիճարկման փուլում շինարարության թույլտվության կասեցումը:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել մեր վստահորդի դեմ` 2012թ. տեղի ունեցած աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու մասին /քաղաքացիական գործ թիվ ՀԿԴ/0174/02/25/: Մեր գրասենյակի փաստաբաններ Էդգար Այվազյանի և Նահապետ Սուքիասյանի կողմից ներկայացվել է հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն` հիմնավորելով, որ դատախազությունը հայցադիմումը ներկայացնելուց տարիներ առաջ էր պարտավոր տեղեկացված լինել ներկայացված փաստերի մասին: ՀՀ հակակոռուպցիոն դատարանը 2025թ. հոկտեմբերի 28-ի վճռով բավարարել է ներկայացված միջնորդությունը և ամբողջությամբ մերժել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը` հայցային վաղեմություն կիրառելու հիմքով:
Մեր գրասենյակի փաստաբան Էդգար Այվազյանի վստահորդ Դ.Ա.-ի նկատմամբ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի ընթացքում մեղադրանք էր ներկայացվել թմրամիջոցի ապօրինի իրացման /ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մաս/ համար, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը: Քրեական վարույթի օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննության ընթացքում քննչական մարմինը և դատախազությունը փոխել են Դ.Ա.-ին ծանր հանցանքի համար ներկայացված մեղադրանքը` վերջինիս մեղադրանք ներկայացնելով ոչ մեծ ծանրության հանցագործություն կատարելու համար /ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 1-ին մաս/: