Home / Blog / Վարչական գործ / ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵՑ ՊԵԿ-Ի ՍՏՈՒԳՄԱՆ…

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆ ԱՆՎԱՎԵՐ ՃԱՆԱՉԵՑ ՊԵԿ-Ի ՍՏՈՒԳՄԱՆ ԱԿՏԸ, ՈՐՈՎ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ԷՐ ՇՈՒՐՋ 2.9 ՄԻԼԻԱՐԴ ԴՐԱՄԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ  


P
postAdmin
4 Նոյեմբերի, 2026 1 min read
Share in f @ ⌘
legal still life lossless

2026 թվականի հոկտեմբերի 29-ին ՀՀ վարչական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դիլբարյանի, բավարարել է «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակի վստահորդ հանդիսացող ընկերության հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ անվավեր ճանաչելով 2024 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 3008214 հարկային ստուգման ակտը, որով ընկերությանը առաջադրվել էին ընդհանուր 2.910.510.578 ՀՀ դրամի չափով լրացուցիչ հարկային պարտավորություններ` ներառյալ հարկերը, տույժերն ու տուգանքները։

Թիվ ՎԴ/11936/05/24 (տես` https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=38562071810006635)վարչական գործով ընկերության շահերը ներկայացրել է «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակի փաստաբան Գուրգեն Ներսիսյանը։

Դատական վեճի հիմքում ընկած էր ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կայացված որոշման հիման վրա ընկերությունում իրականացված համալիր հարկային ստուգման ակտը։

Ստուգման ընթացքում ՊԵԿ պաշտոնատար անձինք, հիմք ընդունելով քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված տեղեկատվությունը, այդ թվում՝ ընկերության առևտրային ծրագրից արտածված տվյալները, արձանագրել էին 2020-2023 թվականների ընթացքում իրացման շրջանառության թերհայտարարագրման ենթադրյալ խախտումներ։ Դրանց հիման վրա ընկերությանը լրացուցիչ պարտավորություններ էին առաջադրվել շահութահարկի, ավելացված արժեքի հարկի, ինչպես նաև դրամարկղային գործառնությունների իրականացման կանոնների խախտման համար։

Չհամաձայնելով հարկային ստուգման արդյունքների հետ՝ ընկերությունը դիմել էր ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել ՊԵԿ-ի ընդունած ստուգման ակտը։

Դատական քննության ընթացքում փաստաբան Գուրգեն Ներսիսյանը վիճարկել է ինչպես հարկային ստուգման իրականացման ընթացակարգը, այնպես էլ դրա արդյունքում կատարված հաշվարկների իրավաչափությունն ու հիմնավորվածությունը։ Մասնավորապես, փաստաբանի կողմից ներկայացվել են փաստարկներ այն մասին, որ հարկային մարմինը պատշաճորեն չի ուսումնասիրել ստուգման համար էական նշանակություն ունեցող բոլոր հանգամանքները, չի ապահովել ստուգման բազմակողմանիությունն ու լրիվությունը, անտեսել է տնտեսվարող սուբյեկտի օգտին առկա փաստական հանգամանքները և հարկային պարտավորությունների հաշվարկման ընթացքում սխալ է կիրառել ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան դրույթները։

Գործի քննության ընթացքում դատարանը հետազոտել և գնահատել է նաև «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 20-ին տրված թիվ 28812409 փորձագիտական եզրակացությունը։

Համաձայնելով փաստաբանի ներկայացրած առարկություններին և իրավական փաստարկներին՝ դատարանն արձանագրել է, որ հարկային մարմինը սխալ է մեկնաբանել և կիրառել ՀՀ հարկային օրենսգրքի նորմերը՝ ընկերության հարկային պարտավորությունները հաշվարկելիս չկիրառելով նույն օրենսգրքի 351-րդ հոդվածով նախատեսված անուղղակի հաշվարկման կարգավորումները։

Մասնավորապես, դատարանը գտել է, որ ընկերությունում հաշվապահական հաշվառման փաստաթղթերի բացակայության կամ ոչ ամբողջական լինելու և հարկային հաշվարկներում ոչ հավաստի տվյալների առկայության պայմաններում հարկային պարտավորությունները պետք է հաշվարկվեին անուղղակի եղանակով՝ հաշվի առնելով ՀՀ հարկային օրենսգրքի 351-րդ հոդվածով սահմանված կանոնները։

Դատարանը նաև համաձայնել է այն փաստարկին, որ հարկային մարմինը չի բացահայտել տնտեսվարող սուբյեկտի օգտին առկա փաստական հանգամանքները, ինչի հետևանքով թերի իրականացված վարչարարության արդյունքում հանգել է ոչ ճշգրիտ հետևությունների։

Դատական ակտում անդրադարձ է կատարվել նաև քրեական վարույթն իրականացնող մարմնից ստացված տեղեկությունների՝ հարկային ստուգման ընթացքում օգտագործման իրավական նշանակությանը։ Դատարանն ընդգծել է, որ նման տեղեկություններն ինքնին նախադատելի նշանակություն չունեն, և դրանց տրամադրումը հարկային մարմնին չի ազատում հարկային հսկողության շրջանակներում համապատասխան հանգամանքները պատշաճորեն ստուգելու պարտականությունից։

Այսպիսով, գնահատելով գործով ներկայացված ապացույցները և փաստաբանի իրավական փաստարկները՝ դատարանը եզրահանգել է, որ ՊԵԿ-ի վիճարկվող ակտն ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանման և կիրառման հետևանքով, ուստի առկա են այն անվավեր ճանաչելու իրավական հիմքերը։

Արդյունքում, 2026 թվականի հոկտեմբերի 29-ի վճռով ՀՀ վարչական դատարանը բավարարել է ընկերության հայցը և ամբողջությամբ անվավեր ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի 2024 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 3008214 ակտը, որով ընկերությանը առաջադրվել էին շուրջ 2.9 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ։

Cart

No products in the cart.