Home / Blog / Հոդվածներ / ԵՐԵԽԱՅԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ. ԾՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ…

ԵՐԵԽԱՅԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ. ԾՆՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԲԱԽՈ՞ՒՄ, ԹԵ՞ ԵՐԵԽԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ


P
postAdmin
24 Նոյեմբերի, 2026 1 min read
Share in f @ ⌘
family law

Ծնողների ամուսնալուծությունը կամ առանձին բնակվելը հաճախ առաջացնում է երեխայի հետագա բնակության վայրի որոշման հարց։ Երբ ծնողները չեն կարողանում համաձայնության գալ, թե նրանցից ում հետ պետք է բնակվի երեխան, վեճի լուծումը վերապահվում է դատարանին։

Նման գործերի քննության առանձնահատկությունն այն է, որ դատարանի առաջնային խնդիրը ոչ թե ծնողներից մեկի նախապատվությունը կամ առավելությունը հաստատելն է, այլ երեխայի լավագույն շահերի բացահայտումն ու պաշտպանությունը։

Ի՞նչ չափանիշներով է դատարանը որոշում երեխայի բնակության վայրը, արդյո՞ք ծնողներից մեկի նյութական առավելությունն ունի որոշիչ նշանակություն, և հնարավո՞ր է փոխել արդեն իսկ դատական ակտով սահմանված բնակության վայրը։

Այս հարցերի պատասխանները բխում են ՀՀ ընտանեկան օրենսդրությունից և ՀՀ սահմանադրական ու վճռաբեկ դատարանների ձևավորած իրավական դիրքորոշումներից։

Երեխայի լավագույն շահը՝ որպես վեճի լուծման հիմնական սկզբունք

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ծնողների՝ միմյանցից առանձին ապրելու դեպքում երեխաների բնակության վայրը որոշվում է ծնողների համաձայնությամբ, իսկ համաձայնության բացակայության դեպքում վեճը լուծում է դատարանը՝ ելնելով երեխայի լավագույն շահերից և հաշվի առնելով նրա կարծիքը։

Օրենսդրությունը սահմանում է մի շարք հանգամանքներ, որոնք դատարանը պետք է գնահատի, մասնավորապես՝

  1. Երեխայի կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի, քույրերի և եղբայրների հետ։
  2. Երեխայի տարիքը։
  3. Ծնողների բարոյական և անձնական հատկանիշները։
  4. Ծնողներից յուրաքանչյուրի և երեխայի միջև գոյություն ունեցող հարաբերությունները։
  5. Երեխայի դաստիարակության և զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու հնարավորությունը՝ ներառյալ ծնողների աշխատանքային զբաղվածությունը, գույքային և ընտանեկան դրությունը։

Սակայն այս չափանիշների թվարկումը չի նշանակում, որ դատարանը սահմանափակված է բացառապես դրանց ուսումնասիրությամբ։

ՀՀ սահմանադրական դատարանը 2010 թվականի հոկտեմբերի 5-ի ՍԴՈ-919 որոշմամբ պարզաբանել է, որ օրենսդրությամբ նախատեսված հանգամանքները երեխայի շահերի գնահատման նվազագույն չափանիշներն են և սպառիչ բնույթ չունեն։

Հետևաբար, դատարանը պարտավոր է ուսումնասիրել նաև յուրաքանչյուր գործին բնորոշ մյուս էական հանգամանքները, որոնք կարող են ազդել երեխայի ֆիզիկական, հոգեկան, հուզական և սոցիալական բարեկեցության վրա։

Արդյո՞ք ծնողի նյութական առավելությունը վճռորոշ է

Երեխայի բնակության վայրի վերաբերյալ դատական վեճերում հաճախ ծնողներից մեկը հիմնավորում է իր պահանջը առավել բարձր եկամուտներով, սեփական բնակարան ունենալու կամ կենցաղային ավելի բարենպաստ պայմաններով։

Թեև նշված հանգամանքներն ունեն իրավական նշանակություն, դրանք ինքնին չեն կարող կանխորոշել դատական վեճի ելքը։

Դատարանի համար կարևոր է ոչ միայն ծնողի նյութական ապահովվածությունը, այլև այն, թե որքանով է վերջինս իրականում ունակ ապահովելու երեխայի ամենօրյա խնամքը, անվտանգությունը, կրթությունը և ներդաշնակ զարգացումը։

Օրինակ՝ բարձր եկամուտ ունեցող ծնողի աշխատանքային ծանրաբեռնվածությունը, երեխային տրամադրվող ժամանակի սահմանափակ լինելը կամ երեխայի հետ ձևավորված հարաբերությունների առանձնահատկությունները կարող են գնահատվել մյուս ծնողի հնարավորությունների հետ համադրությամբ։

Հետևաբար, ծնողների տնտեսական հնարավորությունների տարբերությունը պետք է դիտարկվի երեխայի լավագույն շահերը բնութագրող մյուս հանգամանքների հետ միասին։

Երեխայի հոգեբանական կապվածությունը և կարծիքը

Երեխայի բնակության վայրը որոշելիս առանձնահատուկ նշանակություն ունի նրա հուզական կապվածությունը ծնողներից յուրաքանչյուրի հետ։

Դատարանը պետք է գնահատի, թե որ ծնողի հետ է երեխան ձևավորել առավել կայուն հարաբերություններ, ով է փաստացի իրականացրել նրա ամենօրյա խնամքն ու դաստիարակությունը, և ինչ ազդեցություն կարող է ունենալ բնակության վայրի փոփոխությունը երեխայի հոգեբանական վիճակի վրա։

Միաժամանակ երեխայի կարծիքը հանդիսանում է նրա լավագույն շահերի գնահատման ինքնուրույն և կարևոր բաղադրիչ։

ՀՀ վճռաբեկ դատարանը 2021 թվականի փետրվարի 23-ի թիվ ԱՐԴ/3552/02/17 քաղաքացիական գործով ընդգծել է, որ երեխայի լսված լինելու իրավունքը նրա լավագույն շահերի որոշման կարևորագույն չափանիշներից է։

Այս մոտեցման համաձայն՝ դատարանը պարտավոր է երեխայի արտահայտած կարծիքին տալ պատշաճ նշանակություն՝ հաշվի առնելով նրա տարիքը, հասունությունը և գործի առանձնահատկությունները։

Այնուամենայնիվ, երեխայի ցանկությունը բացարձակ և միակ որոշիչ չափանիշ չէ։ Եթե դատարանը հանգում է երեխայի արտահայտած կարծիքին հակասող եզրահանգման, ապա պետք է հիմնավորի, թե երեխայի լավագույն շահերը բացահայտող ինչ այլ հանգամանքների է տրվել առաջնայնություն։

Ծնողների դատավարական վարքագիծը և երեխայի հոգեբանական պաշտպանությունը

Գործնականում հանդիպում են դեպքեր, երբ երեխայի բնակության վայրի վերաբերյալ դատական վեճը վերածվում է ծնողների սուր հակամարտության։ Կողմերը երբեմն դատարանին ներկայացնում են համատեղ կյանքի ընթացքում մյուս ծնողին բացասաբար բնութագրող տեղեկություններ՝ դրանք չափազանցնելով կամ առանձնացնելով ընդհանուր համատեքստից։ Երբեմն ծնողը, համոզված լինելով մյուս ծնողի բացասական ազդեցության մեջ, նրա մասին արատավորող տեղեկություններ է հայտնում նաև երեխայի ներկայությամբ՝ վնասելով երեխայի հոգեկան անդորրը և մյուս ծնողի հետ հարաբերությունները։

Նման հակամարտություններում սահմանները կարող են խախտվել աստիճանաբար. յուրաքանչյուր ծնող իր հաջորդ գործողությունը հիմնավորում է մյուսի նախորդ վարքագծով։ Այդ պատճառով հատկապես կարևոր է փաստաբանների դերը. նրանք պետք է իրենց վստահորդներին հորդորեն խուսափել անհարկի թշնամանքից, հուզական հակազդեցություններով պայմանավորված քայլերից և մշտապես առաջնահերթ համարել երեխայի լավագույն շահերը։

LSA Law Firm-ի մոտեցումն է նման գործերով վստահորդներին հորդորել լինել կառուցողական, հարգալից մյուս ծնողի նկատմամբ և հատկապես նրբանկատ՝ երեխայի հոգեբանական ապրումների հանդեպ։ Մեր կարծիքով՝ երեխայի բնակության վայրի, մյուս ծնողի հետ շփման կարգի և ալիմենտի վերաբերյալ վեճերում դատարանը կարող է, գործի մյուս ապացույցների հետ համակցությամբ, գնահատել նաև ծնողների դատավարական վարքագիծը։ Կարևոր է, թե յուրաքանչյուր ծնող իր պահանջներն ու առարկությունները որքանով է հիմնավորում երեխայի, այլ ոչ միայն սեփական շահերով։

Այդուհանդերձ, դատավարության ընթացքում ծնողի զուսպ կամ հուզական վարքագիծը ինքնին չի կարող որոշել վեճի ելքը։ Դրա նշանակությունը պետք է գնահատվի կոնկրետ փաստերի, երեխայի կարիքների և բոլոր վերաբերելի ապացույցների համակցությամբ։

Սողոմոն թագավորի դատաստանը՝ որպես երեխայի շահերի առաջնայնության խորհրդանիշ

Այս համատեքստում տեղին է հիշատակել Սողոմոն թագավորի դատաստանի աստվածաշնչյան պատմությունը (Գ Թագավորաց 3:16–28)։ Երկու կին պնդում էին, որ ողջ մնացած երեխան իրենցն է։ Նրանց հակասական պնդումները լսելուց հետո Սողոմոնը հրամայեց սուր բերել և առաջարկեց երեխային երկու մասի բաժանել՝ յուրաքանչյուր կնոջ տալով մեկ մասը։ Կանանցից մեկը համաձայնեց, իսկ մյուսը աղաչեց չվնասել երեխային և նրան կենդանի հանձնել մյուս կնոջը։ Այդ արձագանքից Սողոմոնը ճանաչեց երեխայի իրական մորը և հրամայեց երեխային հանձնել նրան։

Պատմության առանցքային ուղերձն այն է, որ երեխայի նկատմամբ իրական հոգատարությունը կարող է պահանջել սեփական հավակնությունները ստորադասել նրա անվտանգությանը և բարեկեցությանը։ Ժամանակակից ընտանեկան վեճում ևս ծնողը պետք է ձգտի երեխային պաշտպանել հոգեբանական ճնշումից, ծնողների հակամարտության մեջ ներգրավվելուց և մյուս ծնողի հետ հարաբերությունների անհարկի խաթարումից։

Սողոմոնի դատաստանի իմաստությունը նաև հակադիր պահանջների հետևում երեխայի իրական շահը բացահայտելու կարողությունն է։ Ժամանակակից դատավորը, սակայն, նման եզրահանգման պետք է հանգի ոչ թե հուզական տպավորությունների կամ խորհրդանշական փորձությունների, այլ գործով հաստատված փաստերի, ծնողների վարքագծի և ապացույցների բազմակողմանի գնահատման հիման վրա։

Այս պատմությունը մայրության վերաբերյալ վեճի օրինակ է, ոչ թե երեխայի բնակության վայրի որոշման իրավական նախադեպ։ Ծնողի՝ երեխայի հետ բնակվելու պահանջը հետևողականորեն պաշտպանելը նույնպես ինքնին չի վկայում երեխայի շահերն անտեսելու մասին. երբեմն հենց այդ հետևողականությունն է անհրաժեշտ երեխայի պաշտպանության համար։ Որոշիչն այն է, թե ծնողն իր իրավունքներն իրականացնելիս որքանով է հարգում երեխայի լավագույն շահերը։

Դատարանը պարտավոր է համեմատական գնահատել ծնողների հնարավորությունները

ՀՀ վճռաբեկ դատարանը 2015 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ ԵՄԴ/0124/02/12 քաղաքացիական գործով անդրադարձել է երեխայի բնակության վայրի որոշման ընթացքում ապացույցների գնահատման առանձնահատկություններին։

Դատական պրակտիկայի համաձայն՝ դատարանը պետք է համեմատական գնահատական տա ծնողներից յուրաքանչյուրի հնարավորություններին և պատճառաբանի, թե որ ծնողի հետ բնակվելն է առավել համապատասխանում երեխայի շահերին։

Սա նշանակում է, որ որոշումը չի կարող հիմնվել միայն մեկ ապացույցի կամ մեկ հանգամանքի վրա։

Անհրաժեշտ է գնահատել գործով ներկայացված բոլոր վերաբերելի և թույլատրելի ապացույցները՝ դրանց համակցությամբ և փոխադարձ կապով։

Գործնականում նշանակություն կարող են ունենալ երեխայի փաստացի բնակության և խնամքի պայմանները, կրթական միջավայրը, ծնողների աշխատանքային գրաֆիկը, նրանց հետ երեխայի հարաբերությունները, ինչպես նաև մասնագիտական հետազոտությունների արդյունքները։

Այսպիսով, դատարանի իրավական գնահատումը պետք է պատասխանի հիմնական հարցին՝ ինչո՞ւ է կոնկրետ ծնողի հետ բնակվելը տվյալ երեխայի համար առավել նպաստավոր՝ մյուս հնարավորության համեմատությամբ։

Ի՞նչ ապացույցներ կարող են նշանակություն ունենալ դատական վեճում

Կոնկրետ գործի հանգամանքներից կախված՝ դատարանի գնահատման համար կարող են նշանակություն ունենալ երեխայի փաստացի խնամքի և բնակության պայմանները հաստատող նյութերը, կրթական և առողջական կարիքներին վերաբերող տեղեկությունները, ծնողների աշխատանքային զբաղվածության տվյալները, երեխայի և ծնողների հարաբերությունների վերաբերյալ թույլատրելի ապացույցները, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում մասնագիտական գնահատումները։ Դրանցից որևէ մեկը ինքնուրույն և նախապես որոշիչ ուժ չունի. կարևոր է ապացույցների համակցված գնահատումը՝ երեխայի լավագույն շահերի տեսանկյունից։

Հնարավո՞ր է փոխել երեխայի արդեն իսկ սահմանված բնակության վայրը. Վճռաբեկ դատարանի 2026 թվականի դիրքորոշումը

Հատուկ ուշադրության է արժանի ՀՀ վճռաբեկ դատարանի 2026 թվականի մարտի 27-ի թիվ ԵԴ/46747/02/21 քաղաքացիական գործով որոշումը։

Գործը վերաբերում էր այն իրավիճակին, երբ երեխայի բնակության վայրն արդեն որոշված էր օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, սակայն հետագայում ծնողներից մեկը կրկին դիմել էր դատարան՝ պահանջելով երեխայի բնակության վայրը սահմանել իր բնակության վայրով։

Վերաքննիչ դատարանը գտել էր, որ վեճն արդեն լուծված է նախկին դատական ակտով, ուստի նոր գործի վարույթը ենթակա է կարճման։

Սակայն Վճռաբեկ դատարանը կարևորել է նախկին դատական ակտի կայացումից հետո առաջացած նոր փաստական հանգամանքների գնահատումը։

Մասնավորապես, գործով քննարկվել են՝

  • երեխայի տարիքի և հասունության փոփոխությունը,
  • երեխայի կարծիքը և ծնողների հետ հարաբերությունները,
  • ծնողներից մեկի՝ Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության նպատակով տեղափոխվելը,
  • երեխայի խնամքին և դաստիարակությանը ծնողի անձամբ մասնակցելու հնարավորությունների փոփոխությունը,
  • մյուս ծնողի ընտանեկան դրության և երեխայի փաստացի խնամքի կազմակերպման փոփոխությունները։

Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև նախկին և նոր գործերով կողմերն ու պահանջի առարկան նույնն էին, սակայն նոր հայցի փաստական հիմքերը նույնական չէին, քանի որ վկայակոչվել էին նախկին վճռից հետո տեղի ունեցած փոփոխություններ՝ կապված երեխայի լավագույն շահերի հետ։

Արդյունքում Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության։

Կարևոր է ընդգծել, որ Վճռաբեկ դատարանն այս որոշմամբ վերջնականապես չի սահմանել երեխայի նոր բնակության վայրը։ Այն անդրադարձել է նոր հանգամանքների առկայության պայմաններում կրկին ներկայացված հայցի քննության հնարավորությանը։

Այս իրավական դիրքորոշումն ունի էական գործնական նշանակություն։

Երեխայի բնակության վայրի վերաբերյալ նախկին դատական ակտի առկայությունն ինքնին չի բացառում նոր հայցի ներկայացումը, եթե նախկին որոշումից հետո առաջացել են նոր, իրավական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ։

Միաժամանակ միայն ծնողի ամուսնության, աշխատանքի կամ բնակության վայրի փոփոխության փաստը դեռևս չի նշանակում, որ երեխայի բնակության վայրը պարտադիր պետք է փոխվի։ Անհրաժեշտ է գնահատել, թե այդ փոփոխություններն ինչ ազդեցություն են ունեցել երեխայի շահերի վրա։

Խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցության նշանակությունը

Երեխայի բնակության վայրի վերաբերյալ վեճերում կարևոր դատավարական երաշխիք է խնամակալության և հոգաբարձության մարմնի մասնակցությունը։

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված կարգավորմանը համապատասխան՝ երեխայի խնամքի և դաստիարակության հետ կապված վեճերում դատարանը պետք է ապահովի համապատասխան մարմնի մասնակցությունը։

Այդ մարմնի կողմից իրականացվող ուսումնասիրությունը և ներկայացվող եզրակացությունը կարևոր նշանակություն ունեն երեխայի ու ծնողների կենսապայմանները գնահատելու համար։

Միաժամանակ տվյալ եզրակացությունը չի փոխարինում դատարանի կողմից իրականացվող ապացույցների ինքնուրույն գնահատմանը։

Դատարանը պարտավոր է ուսումնասիրել այն գործով ներկայացված մյուս ապացույցների հետ միասին և պատճառաբանել իր եզրահանգումները։

Այսպիսով.

Երեխայի բնակության վայրի որոշման վերաբերյալ դատական վեճերը չեն կարող լուծվել ծնողներից մեկի նյութական, սոցիալական կամ անձնական առավելության պարզ արձանագրմամբ։

Դատարանի խնդիրը երեխայի լավագույն շահերի բազմակողմանի գնահատումն է՝ հաշվի առնելով նրա հոգեբանական կապվածությունը, տարիքը, կարծիքը, փաստացի խնամքի պայմանները, ծնողների հնարավորությունները և յուրաքանչյուր գործին բնորոշ մյուս էական հանգամանքները։

ՀՀ վճռաբեկ դատարանի ձևավորած պրակտիկան հաստատում է, որ նման վեճերում անհրաժեշտ է փաստերի համակցված ուսումնասիրություն և ծնողների հնարավորությունների պատճառաբանված համեմատություն։

Իսկ 2026 թվականի մարտի 27-ի որոշումն առավել հստակեցնում է, որ երեխայի շահերը ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել, և նախկին դատական ակտի առկայությունը չի բացառում նոր հանգամանքների հիման վրա հարցի կրկին դատական քննությունը։

Ի վերջո, երեխայի բնակության վայրի որոշման առանցքում պետք է լինի ոչ թե այն հարցը, թե ծնողներից ով ունի առավելություններ, այլ այն, թե որ բնակության պայմաններն են առավել արդյունավետ ապահովում կոնկրետ երեխայի իրավունքները, անվտանգությունը և ներդաշնակ զարգացումը։

Սողոմոնի պատմության բարոյական ուղերձն այսօր ևս արդիական է. երեխայի նկատմամբ հոգատարությունը չի չափվում ծնողների միջև վեճում հաղթելու պատրաստակամությամբ։ Դատարանի խնդիրը գործով հաստատված հանգամանքների հիման վրա այնպիսի լուծում գտնելն է, որն առավել հուսալիորեն պաշտպանում է երեխայի իրավունքները, հոգեկան անդորրը և բնականոն զարգացումը։

 

Հեղինակ` Արփինե Գևորգյան

Ա
Teammate

Արփինե Գևորգյան

Կորպորատիվ բաժնի իրավաբան, Փաստաբան

Արփինե Գևորգյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության փաստաբան։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ կորպորատիվ իրավունքի ոլորտում` մասնավորապես իրականացնում է՝ առևտրային ընկերությունների, հիմնադրամների, հասարակական կազմակերպությունների գրանցման գործընթացի իրավաբանական ապահովում, այն է՝ կանոնադրությունների, բաժնետերերի միջև պայմանագրերի, աշխատանքային պայմանագրերի և…

Contact us

Cart

Subtotal: 60 000 AMD

View cartCheckout