Դեռևս 2025թ. դեկտեմբեր ամսին «LSA» փաստաբանական գրասենյակ էր դիմել ՌԴ քաղաքացի Տ.Ս.-ն` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով զրկելու վերաբերյալ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական ակտը վիճարկելու հարցով:
Թեև վարչական ակտի իրավաչափության հետ կապված առկա էին մի շարք խնդիրներ և դրանք բոլորը ներկայացվել էին Վարչական դատարանին, այդուհանդերձ առանցքային խնդիրներից մեկը վարչական պատասխանատվություն նախատեսող հոդվածի մասի սխալ կիրառությունն էր, որը վարչական մարմինը փորձում էր ներկայացնել որպես վրիպակի հետևանք:
Քննարկելով ներկայացված բողոքը, Վարչական դատարանը 08.09.2026թ. որոշմամբ բավարարել է այն` անվավեր ճանաչելով վիճարկվող վարչական ակտը: Քննարկվող հարցի կապակցությամբ Վարչական դատարանն արձանագրել է հետևյալը.
«… որոշման մեջ նկարագրված արարքը, դրա իրավական որակումը և նշանակված վարչական տույժը պետք է կազմեն փոխկապակցված և ներքուստ համաձայնեցված ամբողջություն։
… վիճարկվող որոշման մեջ նկարագրված արարքը չի համապատասխանում դրանում նշված իրավական նորմի դիսպոզիցիային, իսկ նշանակված վարչական տույժը նախատեսված չէ այդ նորմի սանկցիայով։ Այդ անհամապատասխանությունը չի կարող դիտվել որպես սոսկ տեխնիկական վրիպակ, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123.5-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը սահմանում են միմյանցից էապես տարբերվող զանցակազմեր և իրավական հետևանքներ։
… դատական վարույթի ընթացքում վարչական մարմնի ներկայացրած հիմնավորումները չեն կարող փոփոխել ակտում ամրագրված իրավական որակումը։ Հակառակ մոտեցման դեպքում դատարանը փաստացի կվերաորակեր Հայցվորին վերագրված արարքը և վարչական մարմնի փոխարեն կլրացներ վիճարկվող որոշման իրավական հիմքը։»: