Իրավաբանական ծառայությունների կարևորությունը և իրավական մշակույթը
Զարգացած իրավական պետություններում, ինչպիսիք են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, իրավաբանի մասնագիտությունը մեծ պահանջարկ ունի և բարձր է գնահատվում։ Դա պայմանավորված է նրանով, որ այդ պետություններում հասարակությունը դեռևս դարեր առաջ գիտակցել է հասարակական և մասնավոր հարաբերությունների պատշաճ իրավական կարգավորման կարևորությունը։
Օրինակ՝ ԱՄՆ-ում երկու գործարար համատեղ բիզնես ծրագիր սկսելու դեպքում կարող են զգալի ժամանակ և միջոցներ տրամադրել իրենց միջև հարաբերությունների իրավական կարգավորմանը։ Բաժնետերերի համաձայնագրի մշակման վրա նրանք իրավաբանների ներգրավմամբ կարող են ամիսներ ծախսել և, ի վերջո, նույնիսկ չհանգել համաձայնության ու հրաժարվել համատեղ ծրագրի իրականացումից՝ որևէ սկզբունքային հարցի շուրջ տարաձայնությունների պատճառով։
Սակայն նույնիսկ այդպիսի արդյունքը չի նշանակում, որ իրավաբանական ծառայությունների համար ծախսված միջոցներն անարդյունավետ են եղել։ Ընդհակառակը՝ հնարավոր է, որ հենց այդ աշխատանքն է կողմերին զերծ պահել ապագայում շատ ավելի մեծ ֆինանսական կորուստներից և երկարատև դատական վեճերից։
Ի տարբերություն այդ մշակույթի՝ Հայաստանում դեռևս հանդիպում են դեպքեր, երբ նույնիսկ փորձառու գործարարները մեծ գումարներ են ներդնում համատեղ ծրագրերում՝ առանց իրենց միջև առկա և հետագայում ձևավորվելիք հարաբերությունների պատշաճ իրավական կարգավորման։
Նման մոտեցումը հաճախ գործարարներին կանգնեցնում է փաստի առաջ, անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծում համատեղ գործունեության շարունակման համար, իսկ երբեմն նույնիսկ տարիների գործընկերային կամ ընկերական հարաբերությունները վերածում թշնամանքի։
Սա է պատճառը, որ իրավաբանի դիմելը և իրավահարաբերությունների պատշաճ կարգավորման համար միջոցներ հատկացնելն արդարացված են ինչպես արդեն իսկ առաջացած իրավական խնդիրների լուծման, այնպես էլ իրավահարաբերությունների ձևավորման փուլում։
Ավելին՝ պատշաճ կարգավորված հարաբերություններում վեճերի առաջացման հավանականությունը զգալիորեն նվազում է, քանի որ հնարավոր խնդրահարույց հարցերը նախապես քննարկված են, իսկ դրանց լուծման մեխանիզմները՝ սահմանված։
Իրավաբանի աշխատանքի արդյունավետությունը դրսևորվում է ոչ միայն առաջացած խնդիրների լուծմամբ, այլև այն խնդիրների կանխարգելմամբ, որոնք պատշաճ իրավական աշխատանքի բացակայության դեպքում կարող էին առաջանալ։
Միաժամանակ պետք է գիտակցել, որ իրավաբանները, ինչպես ցանկացած այլ մասնագիտության ներկայացուցիչներ, ունեն իրենց մասնագիտական կարողությունների սահմանները։ Որքան էլ իրավաբանը շարունակաբար զարգացնի իր գիտելիքներն ու հմտությունները, նա կարող է սխալվել։ Սխալներից ամբողջությամբ ապահովագրված չէ նաև որևէ իրավաբանական ընկերություն։
Սակայն մասնագիտական գիտելիքները, փորձը, աշխատանքի նկատմամբ պատասխանատու մոտեցումը և իրավական ռիսկերը կանխատեսելու կարողությունը զգալիորեն նվազեցնում են նման սխալների հավանականությունը։
Ինչո՞ւ իրավաբանական ծառայությունները չունեն միասնական գնացուցակ
Ինչո՞ւ իրավաբանական ընկերությունները հաճախ չունեն ծառայությունների միասնական գնացուցակ, և ինչո՞ւ արտաքուստ նման երկու գործերով փաստաբանական ծառայությունների արժեքը կարող է էապես տարբերվել։
Պատասխանը կապված է ոչ միայն գործի տեսակի, այլև դրա իրական բարդության, անհրաժեշտ աշխատանքի ծավալի և մասնագիտական պատասխանատվության հետ։
Իրավաբանական ծառայությունները, որպես կանոն, առնչվում են հաճախորդի համար զգալի նյութական արժեք ունեցող կամ նյութական արժեքից առավել կարևոր՝ ոչ նյութական շահերին։
Հետևաբար իրավաբանական ծառայության արժեքը ճիշտ չէ գնահատել բացառապես փաստաբանի ծախսած ժամանակով կամ նրա կազմած փաստաթղթերի ծավալով։ Կարևոր են նաև աշխատանքի բարդությունը, կանխվող ռիսկերը, ընտրվող ռազմավարությունը և հաճախորդի շահերի պատշաճ պաշտպանության համար անհրաժեշտ մասնագիտական կարողությունները։
Ինչի՞ց է կախված իրավաբանական ծառայության արժեքը
Իրավաբանական աշխատանքի ծավալը հաճախ հնարավոր չէ ճշգրիտ գնահատել մինչև գործի փաստական հանգամանքների ուսումնասիրությունը։
Ծառայության արժեքի վրա կարող են ազդել՝
- գործի բնույթն ու բարդությունը,
- վստահորդի դատավարական կարգավիճակը,
- վարույթի փուլը,
- փաստաթղթերի և ապացույցների ծավալը,
- լրացուցիչ ապացույցների ձեռքբերման անհրաժեշտությունը,
- աշխատանքի հրատապությունը,
- ոչ աշխատանքային ժամերին փաստաբանի ներգրավման անհրաժեշտությունը,
- փաստաբանի մասնագիտացումը, փորձը և հեղինակությունը։
Գործի բարդությունը հնարավոր չէ որոշել միայն դատավարության տեսակով, ենթադրյալ հանցագործության բնույթով կամ վիճարկվող գումարի չափով։
Դիտարկենք մի քանի օրինակ։
Երկու քրեական գործ՝ արտաքուստ նման, սակայն տարբեր բարդությամբ
Պատկերացնենք նախաքննության փուլում գտնվող երկու քրեական գործ։ Երկու դեպքում էլ անձինք մեղադրվում են սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կատարման մեջ, իսկ ենթադրյալ հափշտակված գումարի չափը նույնն է՝ պայմանականորեն 700,000 ՀՀ դրամ։
Առաջին հայացքից կարող է թվալ, որ երկու գործերով փաստաբանական ծառայությունների արժեքը պետք է նույնը լինի։ Սակայն գործերի առանձնահատկությունները կարող են էապես տարբերվել։
Առաջին գործը
Կողոպուտի մեջ մեղադրվող չափահաս, մեղսունակ անձն ամբողջությամբ ընդունում է իր մեղավորությունը։
Այս դեպքում փաստաբանի հիմնական աշխատանքը կարող է ներառել պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքների բացահայտումն ու հիմնավորումը, համապատասխան ապացույցների հավաքագրումը, ինչպես նաև անհրաժեշտ իրավական նախադրյալների առկայության դեպքում համաձայնեցման վարույթի կիրառման հնարավորության քննարկումը։
Երկրորդ գործը
Անձը մեղադրվում է շորթման եղանակով կատարված ենթադրյալ հափշտակության մեջ, սակայն հերքում է իր մեղավորությունը։
Առկա են նրա հոգեկան առողջության վերաբերյալ բժշկական փաստաթղթեր, այդ թվում՝ էպիկրիզ։ Մեղադրանքի հիմքում դրված են վկաների ցուցմունքներ, որոնց վերաբերյալ մեղադրյալը պնդում է, որ դրանք ստացվել են քննիչի կողմից գործադրված հոգեբանական ճնշման հետևանքով։
Միաժամանակ առկա են մեղադրյալի ալիբիի մասին վկայող անուղղակի ապացույցներ, որոնք պահանջում են լրացուցիչ ստուգում, այդ թվում՝ հեռախոսային տվյալների, WhatsApp հաղորդագրությունների և այլ էլեկտրոնային տեղեկությունների ուսումնասիրություն։
Երկրորդ դեպքում կարող են անհրաժեշտ լինել ապացույցների ծավալուն ուսումնասիրություն, դրանց արժանահավատության և թույլատրելիության վիճարկում, փորձագիտական հետազոտությունների իրականացում, լրացուցիչ ապացույցների ձեռքբերում և պաշտպանության բազմակողմանի ռազմավարության մշակում։
Այսպիսով, չնայած երկու գործերն էլ վերաբերում են իրավունքի նույն ճյուղին, ենթադրյալ հանցագործություններն ուղղված են սեփականության դեմ, գործերը գտնվում են նույն դատավարական փուլում, իսկ ենթադրաբար հափշտակված գումարների չափերը նույնական են, փաստաբանի կողմից կատարվելիք աշխատանքի ծավալը կարող է մի քանի անգամ տարբերվել։
Որպես դրա հետևանք՝ փաստաբանական ծառայությունների արժեքը նույնպես կարող է էապես տարբեր լինել։
Ինչո՞ւ պայմանագրի կազմումը նույնպես չունի միասնական արժեք
Նույն սկզբունքը կիրառելի է նաև ոչ դատավարական իրավաբանական ծառայությունների, մասնավորապես՝ կորպորատիվ իրավունքի և պայմանագրային հարաբերությունների կարգավորման ոլորտներում։
Մի դեպքում հաճախորդին անհրաժեշտ է համեմատաբար պարզ, ստանդարտ պայմանագիր։
Մեկ այլ դեպքում անհրաժեշտ է կարգավորել բարդ իրավահարաբերություններ, գնահատել ֆինանսական և իրավական ռիսկերը, մշակել պատասխանատվության հատուկ մեխանիզմներ, ուսումնասիրել տարբեր իրավակարգավորումներ և բանակցություններ վարել մյուս կողմի իրավաբանների հետ։
Ավելին՝ պայմանագրի մշակման ընթացքում կարող են առաջանալ նոր հարցեր, պահանջվել լրացուցիչ ուսումնասիրություններ և պայմանագրի բազմաթիվ փոփոխություններ։
Երբեմն մի քանի էջից բաղկացած պայմանագրի մշակումը կարող է պահանջել անհամեմատ ավելի մեծ մասնագիտական աշխատանք, քան տասնյակ էջերից բաղկացած ստանդարտ պայմանագրի կազմումը։
Պայմանագրի կազմման արժեքը որոշվում է ոչ թե դրա էջերի քանակով, այլ հաճախորդի շահերը պատշաճ պաշտպանելու համար անհրաժեշտ իրավական աշխատանքի ծավալով և բարդությամբ։
LSA իրավաբանական ընկերության գնային քաղաքականությունը
Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ LSA իրավաբանական ընկերությունը չունի բոլոր իրավաբանական ծառայությունների համար միասնական հրապարակված գնացուցակ։
Յուրաքանչյուր գործով գնահատվում են գնագոյացման համար կարևոր օբյեկտիվ հանգամանքները, որից հետո հաճախորդին ներկայացվում է անհատական գնառաջարկ։
Մինչև իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագրի կնքումը հաճախորդին ներկայացվում և պարզաբանվում են աշխատանքի շրջանակը, ծառայությունների արժեքը, վճարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև համապատասխան պայմանավորվածության առկայության դեպքում՝ հաջողության հոնորարի պայմանները։
Այս մոտեցումը հնարավորություն է տալիս հաճախորդին նախապես պատկերացում կազմել իր ֆինանսական պարտավորությունների և դրանց դիմաց ստացվելիք իրավաբանական ծառայությունների վերաբերյալ։
Որքա՞ն արժե իրավաբանական խորհրդատվությունը LSA-ում
Ի տարբերություն այլ իրավաբանական ծառայությունների՝ LSA իրավաբանական ընկերությունը խորհրդատվության համար սահմանել է միասնական արժեք՝ 60,000 ՀՀ դրամ՝ մինչև մեկ ժամ տևողությամբ իրավաբանական խորհրդատվության համար։
Այս սակագինն արդեն շուրջ երկու տարի է՝ մնում է անփոփոխ՝ անկախ խորհրդատվության ընթացքում քննարկվող իրավական հարցի բարդությունից։
Մի դեպքում խորհրդատվությունը կարող է վերաբերել համեմատաբար պարզ իրավաբանական հարցի, մյուս դեպքում՝ իրավունքի մի քանի ճյուղերի առնչվող բարդ իրավիճակի վերլուծությանը, ռիսկերի գնահատմանը և հետագա գործողությունների նախնական ռազմավարության մշակմանը։
Որոշ դեպքերում խորհրդատվության արդյունքում ստացված մասնագիտական ուղղորդման տնտեսական կամ այլ նշանակությունը կարող է անհամեմատ գերազանցել խորհրդատվության համար վճարված գումարը, սակայն խորհրդատվության արժեքը դրանից չի փոփոխվում։
Ինչո՞ւ է իրավաբանական խորհրդատվությունը վճարովի
Իրավաբանական խորհրդատվությունը պարզապես ընդհանուր տեղեկությունների փոխանցում չէ։
Խորհրդատվության ընթացքում իրավաբանը պետք է լսի հաճախորդին, վերլուծի ներկայացված փաստերը, բացահայտի իրավական նշանակություն ունեցող հանգամանքները, գնահատի հնարավոր ռիսկերը և առաջարկի հետագա գործողությունների հնարավոր ուղղությունները։
Այդ աշխատանքը պահանջում է մասնագիտական գիտելիքներ, տարիների փորձ, վերլուծական կարողություններ, ժամանակ և պատասխանատվություն։
Իրավաբանական խորհրդատվության ընթացքում հաճախորդը կարող է ստանալ այնպիսի մասնագիտական ուղղորդում, որը թույլ կտա նրան խուսափել զգալի ֆինանսական կորուստներից, սխալ որոշումներից, երկարատև դատական գործընթացներից կամ իր իրավունքների պաշտպանության հնարավորության կորստից։
Երբեմն մեկ ժամ տևողությամբ իրավաբանական խորհրդատվությունը կարող է կանխել տարիներ տևող դատական վեճը։
Հենց այդ մասնագիտական աշխատանքի համար էլ սահմանվում է խորհրդատվության վճարը։
Իրավաբանական ծառայությունների կարևորությունը գիտակցող հաճախորդը խորհրդատվության արժեքը գնահատում է ոչ միայն դրա տևողությամբ, այլև ստացված մասնագիտական խորհրդի նշանակությամբ և դրա շնորհիվ հնարավոր դարձած արդյունքներով։
Ինչո՞ւ որոշ իրավաբանական ընկերություններ տրամադրում են անվճար խորհրդատվություն, իսկ LSA-ն՝ վճարովի
Իրավաբանական ընկերությունների կողմից անվճար խորհրդատվության տրամադրումը հաճախ հաճախորդների ներգրավման գործիք է։ Նման խորհրդատվության միջոցով ընկերությունները հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց ծառայությունները և հաճախորդին առաջարկելու հետագա վճարովի համագործակցություն։
Սա իրավաբանական ծառայությունների շուկայում կիրառվող բիզնես մոդելներից մեկն է, և դրա ընտրությունը յուրաքանչյուր ընկերության իրավունքն է։
LSA իրավաբանական ընկերությունն ընտրել է այլ մոտեցում։
Մեր ընկերությունում իրավաբանական խորհրդատվությունը դիտարկվում է որպես ինքնուրույն, լիարժեք մասնագիտական ծառայություն, այլ ոչ թե բացառապես հետագա ծառայությունների վաճառքի միջոց։
Խորհրդատվության նպատակը հաճախորդին անհրաժեշտ իրավական ուղղորդում տրամադրելն է՝ անկախ նրանից, թե արդյոք նա հետագայում կօգտվի մեր ընկերության այլ ծառայություններից։
Ավելին՝ խորհրդատվության արդյունքում հաճախորդը կարող է հանգել այն եզրակացության, որ հետագա իրավաբանական ծառայությունների անհրաժեշտություն ընդհանրապես չունի։ Այդ դեպքում ևս խորհրդատվությունը կարող է լիարժեք ծառայած լինել իր նպատակին։
LSA-ն իր գործունեությունը կառուցում է այն հաճախորդների հետ համագործակցության վրա, որոնք գիտակցում են իրավաբանական աշխատանքի կարևորությունը և գնահատում մասնագիտական գիտելիքների ու փորձի արժեքը՝ իրենց համար էական նյութական կամ ոչ նյութական շահերի պաշտպանության հարցերում։
Եթե անձը փնտրում է բացառապես անվճար, ընդհանուր բնույթի իրավական տեղեկատվություն, ապա մեր ընկերության կողմից առաջարկվող խորհրդատվության ձևաչափը կարող է չհամապատասխանել նրա ակնկալիքներին։
Կարծում ենք՝ թե՛ հաճախորդի, թե՛ իրավաբանական ընկերության շահերից է բխում, որ համագործակցության սկզբնական փուլում կողմերն ունենան ծառայության բնույթի, արժեքի և ակնկալվող արդյունքի վերաբերյալ փոխադարձաբար հստակ պատկերացում։
Եզրափակիչ խոսք
Իրավաբանական ծառայությունների իրական արժեքը հաճախ առավել ակնհայտ է դառնում այն ժամանակ, երբ անձը բախվում է այնպիսի խնդիրների, որոնք հնարավոր էր կանխել ժամանակին ստացված մասնագիտական խորհրդատվության կամ պատշաճ իրավական աշխատանքի միջոցով։
Իրավաբանական ծառայությունների համար կատարվող ծախսերը չպետք է դիտարկել բացառապես որպես առաջացած խնդիրների լուծման համար անհրաժեշտ ծախսեր։ Շատ դեպքերում դրանք ներդրում են իրավական անվտանգության, սեփականության պահպանման, բիզնեսի կայունության և անձի իրավունքների պաշտպանության ապահովման գործում։
Իրավաբանի դիմելու լավագույն պահը միշտ չէ, որ իրավական խնդրի առաջացման պահն է։ Հաճախ առավել արդյունավետ է իրավաբանին դիմել այն ժամանակ, երբ դեռևս հնարավոր է կանխել խնդրի առաջացումը։
Հեղինակ՝ Արսեն Սարդարյան, LSA իրավաբանական ընկերության հիմնադիր և կառավարիչ գործընկեր
