Home / Blog / Հոդվածներ / LSA-ն վիճարկում է ինքնակամ կառույցների վերաբերյալ…

LSA-ն վիճարկում է ինքնակամ կառույցների վերաբերյալ գործերով հայցի ապահովման միջոցների վերացման նոր կանոնների սահմանադրականությունը


P
postAdmin
21 Օգոստոսի, 2026 1 min read
Share in f @

2026 թվականի հուլիսի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-398-Ն օրենքը։ Նոր օրենքի դրույթներից մեկը նախատեսում է պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների քանդումն արգելող՝ դատարանների կողմից նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցների ինքնաբերաբար դադարեցում։

Օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի օգոստոսի 30-ին։

LSA Law Firm-ի իրավաբանները գտնում են, որ նշված կարգավորումը լուրջ հարցեր է առաջացնում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը դրա համապատասխանության տեսանկյունից։ Արդեն իսկ քննվող վարչական գործի շրջանակներում LSA-ն դիմել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ միջնորդելով նոր կարգավորման սահմանադրականության հարցով դիմել Սահմանադրական դատարան։

Ի՞նչ է փոխել նոր օրենքը

Թիվ ՀՕ-398-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների քանդումը (ապամոնտաժումը) արգելող՝ մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված միջնորդությունների հիման վրա կիրառված հայցի ապահովման միջոցները օրենքի ուժի մեջ մտնելու պահից համարվում են դադարած։

Այսպիսով, խոսքը միայն նոր դատական վեճերի մասին չէ։

Օրենքն ուղղակիորեն առնչվում է արդեն քննվող գործերին, որոնց շրջանակներում դատարանները նախկինում ուսումնասիրել են հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտության հարցը և ընդունել են դատական ակտեր՝ օբյեկտի քանդումը ժամանակավորապես արգելելու վերաբերյալ։

Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո նման ապահովման միջոցները պետք է դադարեն գործել անմիջապես օրենքի ուժով՝ առանց դատարանի կողմից կոնկրետ գործի հանգամանքների նոր քննության։

Հենց այս մեխանիզմն է, LSA-ի իրավաբանների գնահատմամբ, առաջացնում լուրջ սահմանադրաիրավական խնդիր։

Կարո՞ղ է օրենսդիրը վերացնել արդեն իսկ ընդունված դատական ակտի հետևանքները

Առանցքային հարցերից մեկը իշխանությունների բաժանման սկզբունքի պահպանումն է։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ հոդվածը սահմանում է, որ պետական իշխանությունն իրականացվում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա։

Սահմանադրության 162-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները, իսկ արդարադատության իրականացմանը որևէ միջամտություն արգելվում է։

Հայցի ապահովման միջոցը դատարանի կողմից իր դատավարական լիազորությունների իրականացման արդյունք է։ Դատարանը գնահատում է կոնկրետ իրավիճակը և որոշում՝ արդյոք անհրաժեշտ է ժամանակավորապես սահմանափակել որոշակի գործողությունների իրականացումը մինչև վեճի վերջնական լուծումը։

Ուստի առաջանում է սկզբունքային հարց.

կարո՞ղ է օրենսդիրը նոր օրենք ընդունելու միջոցով ինքնաբերաբար դադարեցնել կոնկրետ գործով դատարանի կողմից արդեն իսկ կիրառված հայցի ապահովման միջոցի գործողությունը։

LSA-ի դիրքորոշմամբ՝ նման կարգավորումն ունի օրենսդիր իշխանության կողմից դատական իշխանության իրականացման ոլորտ միջամտելու հատկանիշներ։

Եթե դատարանը, ուսումնասիրելով կոնկրետ գործի հանգամանքները, անհրաժեշտ է համարել ժամանակավորապես արգելել օբյեկտի քանդումը, ապա այդ միջոցի դադարեցումը պետք է տեղի ունենա օրենքով նախատեսված դատական ընթացակարգի շրջանակներում և գործի հանգամանքները հաշվի առնելով, այլ ոչ թե ինքնաբերաբար՝ օրենսդրության հետագա փոփոխության հետևանքով։

Արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը

Խնդիրը միայն ինստիտուցիոնալ բնույթ չունի։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածը յուրաքանչյուր անձի երաշխավորում է իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը։

Սահմանադրության 75-րդ հոդվածը պահանջում է հիմնական իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգերի և ընթացակարգերի առկայություն։

Հայցի ապահովման միջոցներն արդյունավետ դատական պաշտպանության կարևորագույն մեխանիզմներից են։

Դրանց նպատակը, մասնավորապես, կանխելն է այնպիսի իրավիճակը, երբ վերջնական դատական ակտի կայացման պահին խախտված իրավունքի վերականգնումը դառնում է անհնար կամ էապես դժվարանում է։

Անշարժ գույքի քանդման հետ կապված վեճերում այս խնդիրը հատկապես ակնհայտ է։

Եթե անձը վիճարկում է այնպիսի գործողություն կամ որոշում, որը կարող է հանգեցնել օբյեկտի քանդմանը, իսկ դատարանը մինչև վեճի լուծումը ժամանակավորապես արգելում է դրա քանդումը, ապա նման արգելքի ինքնաբերաբար դադարեցումը կարող է հնարավորություն տալ իրականացնել քանդումը դեռևս մինչև վերջնական դատական ակտի կայացումը։

Եթե հետագայում դատարանը քաղաքացու դիրքորոշումը հիմնավոր ճանաչի, այդ պահին օբյեկտը կարող է արդեն ֆիզիկապես գոյություն չունենալ։

Այդ դեպքում դատական պաշտպանությունը կարող է դառնալ ձևական. անձը կարող է շահել դատական վեճը, սակայն մինչև իր իրավունքների խախտումը գոյություն ունեցած փաստական վիճակի վերականգնումն այլևս հնարավոր չլինի։

Օրենքի հետադարձ ուժի հարցը

Առանձին սահմանադրական հարց է առաջանում օրենքի՝ ժամանակի մեջ գործողության առնչությամբ։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածը նախատեսում է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն։

Մինչդեռ նոր կարգավորումն ուղղակիորեն տարածվում է այն հայցի ապահովման միջոցների վրա, որոնք կիրառվել են մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը ներկայացված միջնորդությունների հիման վրա։

Այն անձինք, որոնք մինչև նոր օրենքի ընդունումը ստացել են դատական պաշտպանություն, կարող էին ակնկալել համապատասխան դատական ակտի գործողությունը սահմանված դատավարական կարգով։

Նոր օրենքը փոփոխում է արդեն իսկ իրականացված դատավարական գործողությունների հետևանքները և ուղղակիորեն վատթարացնում է այն անձանց վիճակը, որոնց օգտին դատարանը նախկինում կիրառել է հայցի ապահովման միջոց։

LSA-ի գնահատմամբ՝ սա հիմք է տալիս Սահմանադրական դատարանի առջև բարձրացնելու նման կարգավորման համապատասխանության հարցը՝ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերին հետադարձ ուժ հաղորդելու սահմանադրական արգելքի, ինչպես նաև իրավական որոշակիության և իրավաչափ ակնկալիքների պաշտպանության սկզբունքների տեսանկյունից։

Դատական ակտերի պարտադիր ուժը

Ոչ պակաս կարևոր է ուժի մեջ մտած դատական ակտերի պարտադիրության հարցը։

Դատական իշխանությունը կարող է իրականացնել իր սահմանադրական գործառույթը միայն այն դեպքում, երբ դատական ակտերը պարտադիր են պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց և իրավահարաբերությունների այլ մասնակիցների համար։

Եթե օրենսդրության հետագա փոփոխությունն ինքնաբերաբար վերացնում է կոնկրետ գործի շրջանակներում ընդունված դատական ակտի հետևանքները, առաջանում է դատական ակտերի պարտադիրության սկզբունքի թուլացման վտանգ։

Հատկապես զգայուն է իրավիճակը, երբ վարչական վեճի կողմերից մեկը պետական մարմին կամ տեղական ինքնակառավարման մարմին է։

Օրենսդրական փոփոխությունը փաստացի կարող է բարելավել հանրային սուբյեկտի դատավարական դիրքը դեռևս շարունակվող դատական վարույթի ընթացքում՝ միաժամանակ մյուս կողմին զրկելով դատարանի կողմից նախկինում տրամադրված ապահովման պաշտպանությունից։

Սա լրացուցիչ հարց է առաջացնում դատավարության կողմերի միջև արդարացի հավասարակշռության պահպանման վերաբերյալ։

LSA-ն դիմել է դատարան միջնորդությամբ

Նշված խնդիրը արդեն իսկ ստացել է գործնական դատավարական զարգացում։

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում գտնվում է վարչական գործ, որի շրջանակներում դատարանը նախկինում բավարարել է LSA Law Firm-ի կողմից ներկայացվող կողմի միջնորդությունը և կիրառել հայցի ապահովման միջոց՝ պարտավորեցնելով Երևանի քաղաքապետարանին մինչև վիճելի օբյեկտի օրինականացման հարցով վերջնական դատական ակտի ուժի մեջ մտնելը ձեռնպահ մնալ դրա քանդման կամ ապամոնտաժմանն ուղղված գործողություններից։

Թիվ ՀՕ-398-Ն օրենքի ընդունումից հետո LSA-ի իրավաբանները դատարան են ներկայացրել միջնորդություն՝ Սահմանադրական դատարան դիմելու անհրաժեշտության վերաբերյալ։

Միջնորդությամբ բարձրացվել է նոր օրենսդրական կարգավորման՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 4-րդ, 61-րդ, 73-րդ, 75-րդ և 162-րդ հոդվածներին համապատասխանության հարցը։

LSA-ն ելնում է այն դիրքորոշումից, որ առկա են հիմնավոր կասկածներ այն նորմի սահմանադրականության վերաբերյալ, որն անմիջապես օրենքի ուժով դադարեցնում է դատարանի կողմից նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցի գործողությունը։

Ինչո՞ւ այս հարցի լուծումն ունի ավելի լայն նշանակություն

Սահմանադրաիրավական խնդիրը դուրս է գալիս մեկ կոնկրետ վարչական գործի սահմաններից։

Խոսքը օրենսդիր և դատական իշխանությունների լիազորությունների հիմնարար հարաբերակցության, ինչպես նաև այն սահմանների մասին է, որոնց շրջանակներում օրենսդիրն իրավասու է փոփոխել դատավարական օրենսդրությունը՝ այն տարածելով արդեն իսկ քննվող դատական գործերի վրա։

Վերջիվերջո անհրաժեշտ է պատասխան ստանալ մի շարք սկզբունքային հարցերի.

  • արդյո՞ք օրենսդիրն իրավասու է ինքնաբերաբար դադարեցնել կոնկրետ գործով դատարանի կողմից նախկինում կիրառված հայցի ապահովման միջոցի գործողությունը,
  • համատեղելի՞ է նման միջամտությունը իշխանությունների բաժանման սկզբունքի և դատական իշխանության անկախության հետ,
  • պահպանվո՞ւմ է արդյոք արդյունավետ դատական պաշտպանությունը, եթե վիճելի օբյեկտը կարող է ոչնչացվել մինչև վերջնական դատական ակտի կայացումը,
  • թույլատրելի՞ է արդյոք նոր կարգավորումը տարածել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կիրառված հայցի ապահովման միջոցների վրա,
  • արդյո՞ք այդ կերպ չեն խախտվում իրավական որոշակիության, իրավաչափ ակնկալիքների և դատական ակտերի պարտադիրության սկզբունքները։

LSA Law Firm-ը հետևողականորեն պաշտպանելու է նոր կարգավորման նկատմամբ սահմանադրական վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտության վերաբերյալ իր դիրքորոշումը և հետևելու է այս հարցով դատական պրակտիկայի ձևավորմանը։

Եթե դատարանը եզրակացնի, որ առկա են օրենքով նախատեսված՝ Սահմանադրական դատարան դիմելու հիմքերը, վիճարկվող կարգավորման՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը կարող է գնահատական ստանալ սահմանադրական արդարադատության մակարդակում։

Սույն հրապարակումը ներկայացնում է օրենսդրական փոփոխությունների իրավական վերլուծությունը և համապատասխան հարցի վերաբերյալ LSA Law Firm-ի դիրքորոշումը։ Օրենքի սահմանադրականության վերջնական գնահատումը վերապահված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի իրավասությանը։

Համահեղինակներ՝ Արսեն Սարդարյան և Էդգար Այվազյան

Է
Teammate

Էդգար Այվազյան

Գործընկեր, Փաստաբան

Էդգար Այվազյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության ղեկավար կազմի անդամ (Գործընկեր)։ Մասնագիտացած է ինչպես քրեական, այնպես էլ քաղաքացիական և վարչական իրավունքի ոլորտներում, ունի բազմաթիվ հաղթած գործեր քրեական, քաղաքացիական և վարչական դատարաններում։ Մասնագիտացած է նաև միգրացիոն իրավունքի ոլորտում` մասնավորապես…

Contact us

Ա
Teammate

Արսեն Սարդարյան

Կառավարող գործընկեր, Փաստաբան, Ի. գ. թ.

Արսեն Սարդարյանը հանդիսանում է «Էլ Էս Էյ» իրավաբանական ընկերության կառավարող գործընկերը: 2014թ․-ին հիմնադրել է «Էլ Էս Էյ» փաստաբանական գրասենյակը և մինչ օրս ղեկավարում է այն, բացառությամբ 2016թ․-ի հունվարից մինչև 2019թ․-ի փետրվար ամիսը, քանի որ այդ ժամանակահատվածում Ա.Սարդարյանը աշխատել է որպես…

Contact us

Cart

No products in the cart.